ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԿՈՊԻՏ ԴԱՐ Է, ՌՈՄԱՆՏԻԶՄ ՉԿԱ

ԿՈՊԻՏ ԴԱՐ Է, ՌՈՄԱՆՏԻԶՄ ՉԿԱ
04.05.2010 | 00:00

Ազգային ժողովի նիստերի դահլիճում սկսվել են վերանորոգման աշխատանքները. մինչև սեպտեմբեր դահլիճը եվրոպական երկրների խորհրդարանների նիստերի դահլիճներին վայել տեսք պիտի ստանա: 390 միլիոն դրամ կտա պետությունը: 500 հազար դոլարի մարդասիրական օգնություն էլ հայ օրենսդիրներին կտրամադրի Հարավային Կորեան, որ ազգիս ծառայելու հարմարավետ հնարավորություններ ունենան մեր ազգընտիրները: Եվ սա` շնորհիվ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի: Փառք ու պատիվ նրան:
Իր հարուստ կենսագրության ազգանպաստ բոլոր դրվագներում նա հանդես է եկել իբրև աշխղեկ: Հանրապետության հրապարակում` կառավարության շենքում հայտնվելով, որ գրավիչ էր արտաքինից, իսկ ներսում քանդուքարափ էր, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն աշխատանքային գործունեությունն սկսեց իր կաբինետի ու հարակից տարածքների նորոգումից, ձևավորումից, կահույքի փոփոխությունից: Նույնը կատարվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի «պոստում» կարճատև պաշտոնավարման ժամանակ. նրան դեռ բարի խոսքով հիշում են նախագահականում` իր «ռեմոնտչիկության» համար: Ազգային ժողովում շինարարական գործընթացներն սկսվեցին սեփական աշխատասենյակից, ընդգրկեցին երրորդ հարկն ու հասան նիստերի դահլիճ: Խորհրդարանում էլ բարի խոսքով կհիշեն նրան` «ռեմոնտչիկության» համար: Լավ գործը բարի հետք է թողնում: Թե չէ տեղին-անտեղի քննադատում են. այս չարեց, այն արեց, թարգմանչին ու պատմիչին չի տարբերում, աշակերտների հետ հանդիպումները փակ են, որ ասածներն իմացող չլինի, նիստերը վարել չի կարողանում, հանդիպումները ձախողում է, ինչքան խոսում` այնքան չասելու մի բան ասում է, խորհրդարանի դերը բարձրացնելու նպատակով Տիգրան Թորոսյանից ազատվելը հնարված առասպել էր, որ առասպել էլ մնաց։ Ազգային ժողովի նախագահ դարձած Հովիկ Աբրահամյանի մեղքերն ու արժանիքները թվարկելու համար ժամեր են պետք, բայց ժամանակն է հասկանալու, որ նա ավելին չի եղել ու չի դառնալու` մարդն անում է այն, ինչ գիտի, կարողանում ու հասկանում է: Անհեթեթ է նրանից ավելին ակնկալել: Առավելագույնը, որ կարող է, կուսակցական աշխատանքն է, եթե խոսքը վերաբերում է նախընտրական շտաբ ղեկավարելուն, հատկապես` հետընտրական իրադարձություններին ու ընդհանրապես ճիշտ ընտրությանը, որի լավագույն մասնագետն է: Մարդն ստեղծված է արտակարգ իրավիճակների համար, եթե չկան նման իրավիճակներ, ինքը բարեհաջող կստեղծի: Ոչ թե նրա, այլ հասարակության մեղքն ու դժբախտությունն է, որ նրանից ակնկալիքներ ունի` համառորեն ուզում է առավելագույնը գործերի կառավարչի ունակություններ ունեցողին օրենսդիր ու քաղաքական գործիչ տեսնել: Ժամանակն է հասկանալու, որ Հովիկ Աբրահամյանն այս Ազգային ժողովի իդեալական նախագահն է, իսկ այս Ազգային ժողովն էլ այն իդեալական խորհրդարանն է, որին արժանի են «ընտրողներն» ու արժանացրել են ձայներ «հաշվողները»: Մնացածը սուտ է ու սադրանք: Իսկ եթե նույնիսկ ճիշտ է, որոշողը որոշել է` իր բակլան է, խաշած է ցանել` ում ինչ գործն է: Կարևորը, որ խորհրդարանը կունենա ժամանակակից նիստերի դահլիճ, օրենքներն ո՞ւմ են պետք, մեկ է` կատարող չկա: Ամեն ինչ արվում է հանուն ժողովրդի, ժողովրդի համար ու ժողովրդի անունից: Իսկ ժողովուրդը ե՞րբ է արժանիքը հասկացել ու մարգարեին հայրենիքում բանի տեղ դրել: Կոպիտ դար է, կոպիտ բարքեր։ Ռոմանտիզմ չկա:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ